MARIA MONTESSOR'S PEDAGOGICAL VIEWS IN PRE-SCHOOL EDUCATION SYSTEM

Рубрика конференции: Секция 9. Педагогические науки
DOI статьи: 10.32743/SpainConf.2022.10.24.346224
Библиографическое описание
Пономаренко И.Р., Казарян А.М. MARIA MONTESSOR'S PEDAGOGICAL VIEWS IN PRE-SCHOOL EDUCATION SYSTEM// Proceedings of the XXIV International Multidisciplinary Conference «Prospects and Key Tendencies of Science in Contemporary World». Bubok Publishing S.L., Madrid, Spain. 2022. DOI:10.32743/SpainConf.2022.10.24.346224

MARIA MONTESSOR'S PEDAGOGICAL VIEWS IN PRE-SCHOOL EDUCATION SYSTEM

Irina Ponomarenko

lecturer, Armenian State Pedagogical University named after Kh.Abovyan, Republic of Armenia, city of Yerevan, assistant, Ijevan branch of Yerevan State University

Republic of Armenia, Ijevan

Armenuhi Ghazaryan

candidate of pedagogical sciences, docent Armenian State pedagogical University named after Kh.Abovyan

Republic of Armenia, Yerevan

 

ՄԱՐԻԱ ՄՈՆՏԵՍՍՈՐՈՒ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Իրինա Ռոմանի Պոնոմարենկո

 դասախոս, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, ասիստենտ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հայաստանի Հանրապետություն, քաղաք Իջևան

Արմենուհի Մամիկոնի Ղազարյան

մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան

 

 

Պատմության տարբեր ժամանակաշրջաններում միշտ էլ եղել են անհատներ, ովքեր դարձել են իրենց ոլորտում նորարարներ, առաջարկելով նոր մեխանիզմներ ու մեթոդներ արդյունավետ աշխատանքի համար։ Կրթության ոլորտում ևս եղել են ու կան այսպիսիք։

Նախադպրոցական կրթության մեջ իր առաջարկած նոր մեթոդներով ու մոտեցումներով, 20-րդ դարի մանկավարժության մեջ նշանակալի երևույթ էր իտալացի մանկավարժ, բժիշկ  և հասարակական գործիչ Մ.Մոնտեսսորու (1870-1952թթ.) մանկավարժական համակարգը: Մ.Մոնտեսսորին նախադպրոցական դաստիրակության մեջ ներդրել է հիմնարար տեսություններ և պրակտիկայում օգտագործել իր իսկ կողմից ստեղծված դիդակտիկ նյութերը: Մ.Մոնտեսսորու մոտեցումներն արդի են այն առումով, որ օգնում են մեծացնել և դաստիրակել ազատ մտածող, ինքնուրույն երեխաների:

Մ. Մոնտեսսորու մանկավարժական համակարգը հետաքրքիր է իր փիլիսոփայական հիմնավորմամբ, մանկավարժական հստակ շեշտադրումներով, զգայական դաստիրակության ինքնատիպ մոտեցմամբ, յուրօրինակ դիդակտիկ նյութերի կիրառմամբ, պարագաներով: Այն ունի խնդիրների լուծման իր ձևերը, մեթոդները: Մ. Մոնտեսսորու կողմից մշակված է զգայական դաստիրակության այսօր կիրառելի դաստիրակության մեթոդիկա, որի կիրառումն ու զարգացումը հարստացնում են արդի նախադպրոցական կրթական գործընթացը։

Մ․Մոնտեսսորին իր մեթոդիկան ստեղծել է որպես դասական մանկավարժության այլընտրանք։ Այն նախատեսված է 3 տարեկանից բարձր երեխաների համար, որի գլխավոր սկզբունքը հետևյալն է. «օգնիր ինձ գործել ինքնուրույն»։ Սա նշանակում է, որ մեծահասակը պետք է հասկանա, թե տվյալ պահին ինչն է հետաքրքրում երեխային, ստեղծել նրա զարգացման համար օպտիմալ պայմաններ և ցույց տալ, թե այդ պայմաններում ինչ կարելի է անել [2]։

Մ. Մոնտեսսորու համակարգի հիմնական դրույթներն են՝

  • երեխան ընտրելու և գործելու լիարժեք ազատություն ունի,
  • երեխաները սովորեցնում են երեխաներին։
  • պարապմունքները կազմակերպվում են հատուկ միջավայրում (սենյակը բաժանված է 5-6 հատվածի, որոնցից յուրաքանչյուրը կահավորված է հատուկ առարկաներով՝ Մոնտեսսորու նյութերով),
  • պետք է ուղղակի շարժել երեխայի հետաքրքրությունը, և նա կսկսի զարգանալ ինքնուրույն,
  • չկա քննադատություն և արգելքներ,
  • երեխան իրավունք ունի սխալվելու[ 1]։

Ինչպես արդեն նշվեց, Մ.Մոնտեսսորու ուսուցման մեթոդը հիմնված է ինքնուրույն աշխատանքի, պրակտիկ ուսուցման և համատեղ խաղի վրա։

Մ.Մոնտեսսորու առաջարկած խմբասենյակներում երեխաներն աշխատում են խմբով կամ անհատապես՝ բացահայտելով աշխարհը ու զարգացնելով իրենց հնարավորությունների առավելագույնը։

Մ. Մոնտեսսորին նշում էր, որ երեխայի տանը կամ կենտրոնում եղած պարագաները պետք է համապատասխանեն նրա հասակին և չափսերին: Մ.Մոնտեսսորու առաջարկած խմբասենյակներում յուրաքանչյուր իր նախատեսված է երեխայի զարգացմանն աջակցելուն՝ արթնացնելով նրա բնական հետաքրքրվածությունը։ Դրանցից շատերը ընտրված են, որպեսզի երեխաները կարողանան դիպչել, շոշափել, լսել և զգալ տարբերություններն ու նմանությունները: Պարագաները թույլ են տալիս երեխաներին ինքնուրույն ուղղել և տեսնել սեփական սխալները: Նրանք ինքնուրույն են ընտրում դիդակտիկ նյութը և պարապմունքների տևողությունը։ Երեխաները կարողանում են սովորել իրենց սեփական փորձառության միջոցով և իրենց հարմար տեմպով։ Նրանք կարող են իրենց սովորածի ու իրական կյանքի մեջ կապ հաստատել՝ կիրառելով սովորածը [3]։

Ըստ Մ.Մոնտեսսորու մանկավարժի խնդիրն է օգնել երեխային կազմակերպել իր գործունեությունը, գնալ իր յուրօրինակ ճանապարհով, իրացնել սեփական պոտենցիալը: Երեխան ազատ է ընտրելու գործունեության տեսակը: Որպեսզի երեխան լիարժեք զարգանա, անհրաժեշտ է նրան մտքի, գործողության և զգացողության ազատություն ապահովել: Երեխաները ամեն ինչ սովորում են հեշտությամբ և հաճույքով, առանց «պարտավորության» և մրցակցության իրենց հասակակիցների հետ: Յուրաքանչյուր երեխա անում է այն, ինչ իրեն դուր է գալիս:

Մ.Մոնտեսորու մեթոդներն ուղղված են վաղ զարգացմանը: Խբերում կան տարբեր տարիքի երեխաներ, որտեղ ավագները սովորեցնում են կրտսեր երեխաներին, ձեռք են բերում առաջնորդության գծեր և միևնույն ժամանակ սովորում են հոգ տանել միմյանց մասին: Ձևավորվում են փոխօգնություն և համագործակցություն: Պարապմունքներն անց են կացվում հատուկ պատրաստված միջավայրում: Մ.Մոնտեսորու մանկավարժության հիմունքները ենթադրում են, որ խաղասենյակը սովորաբար բաժանվում է մի քանի գոտիների՝ բնական գիտություն, գործնական կյանք, զգայական, լեզվաբանական, մաթեմատիկական: Մեծահասակը երկրորդական դեր է խաղում ուսուցման մեջ ՝ լինելով ոչ թե դաստիարակ, այլ օգնական: Մեծահասակի խնդիրը միայն երեխային հետաքրքրելն է: Դաստիարակը շփվում է երեխաների հետ, բայց չի պարտադրում իր սեփական կարծիքը, չի տանում երեխային հարցերի ցանկալի պատասխաններին:

Ըստ Մ․ Մոնտեսսորու, քննադատություններն ու արգելքները անթույլատրելի են: Երեխան սխալվելու իրավունք ունի, քանի որ նա բավականին ընդունակ է և կարող է ինքնուրույն հասնել ամեն ինչի:

Մ.Մոնտեսորու մանկավարժության սկզբունքներն ուղղված են զգայարանների (տեսողություն, լսողություն, համ, հոտ, հպում) զարգացմանը: Նա կարծում էր, որ փոքր առարկաների հետ ճշգրիտ գործողությունները զարգացնում են խոսքը, ուշադրությունը և հիշողությունը:

Մ․Մոնտեսսորին առանձնացրել է զգայական զարգացման 6 փուլեր`

  • Կարգ ու կանոնի ընկլման փուլ (0-ից 3 տ․)։ Այսինքն, 4 տ․ երեխային ավելի դժվար է սովորեցնել հավաքել իր ետևից, քան 2 տ․-ին։ Ի դեպ, մաքրության և կոկիկության պահպանումը Մ․ Մոնտեսսորու մեթոդի կարևոր սկզբունքներից է։ Երեխաներին հարկավոր է սովորեցնել ոչ միայն խաղալիքները հավաքել, դնել դարակներում, այլև մաքրել թափած ջուրը, լվանալ սպասքը և մասնակցել ընդհանուր մաքրությանը։
  • Շարժումների և գործողությունների զարգացման փուլ (1-ից 4 տ․), որն ընդգրկում է խաղահրապարակներից, ճոճանակներից օգտվելու շրջանը։ Այս փուլում պետք է զարգանան երեխայի շարժումները, ակտիվությունը, զարգանա կոորդինացիան, ամրանան մկանները, ինչը հարակավոր է երեխային նաև հետագայում։
  • Զգայական զարգացման փուլ( 0-ից 5,5տ․)։ Երկարատև շրջան է, երբ երեխան աշխարհը ճանաչում է ձայների, բույրերի և զգայությունների միջոցով։ Այս փուլում երեխան սկսում է պատկերացումներ ձեռք բերել գույնի, ձևի, չափի և այլնի վերաբերյալ։
  • Մանր առարկաների ընկալման փուլ (1,5 –ից 5,5 տ․)։ Մանր մոտորիկայի զարգացման փուլն է։ Մանր մոտորիկայի զարգացման նպատակով,  Մ.Մոնտեսորին առաջարկել է օգտագործել ամենապարզ նյութերը ՝ ուլունքներ, լոբի, ոլոռ և այլ հացահատիկային բույսեր տեղափոխել, ժապավեններով ուլունքներ շարել և այլն։
  • Խոսքի զարգացման փուլ ( 0-ից 6 տ․)։ Եթե երեխան 1 տարեկանում չի խոսում, դա սարսափելի չէ, քանի որ խոսքը զարգանում է ամբողջ նախադպրոցական տարիքում։ Խոսքի զարգացման համար, նա առաջարկել է կիրառել քարտեր, տեսողական առարկաներ, գրքեր, և այս ամենը՝ մեծահասակների անմիջական ուղղորդմամբ։
  • Սոցիալական զարգացման փուլ ( 2,5-ից 6 տ․)։ Այս փուլում, թեև կարևորվում է սոցիալականացումը, սակայն խորհուրդ չի տրվում երեխային ինչ-որ բան պարտադրելը, օրինակ՝ ստիպողաբար բարևել, շնորհակալություն հայտնել, այլ [4]։

Մ․ Մոնտեսորին 3-5 տարեկան երեխաների դաստիարակության և զարգացման համար առաջարկում էր խաղեր, որոնք չեն պահանջում հատուկ խաղալիքներ կամ առարկաներ: Այդպիսի խաղերում օգտագործվում են հիմնականում կենցաղային իրեր, այնպիսիք, որ կարելի է գտնել ցանկացած տանը և, որոնց հետ երեխաներն առնչվում են ողջ օրվա ընթացքում: Միայն կարևոր է լինել մշտապես երեխայի կողքին, ուղղորդել նրան և սովորեցնել: Բերենք մի քանի օրինակներ՝

  • Պետք է վերցնել տարբեր չափերի շշեր, բացել կափարիչները, խառնել և առաջարկել երեխային փորձել ետ փակել այդ շշերը:
  • Վերցնել սպունգ և օճառ ու առանց շտապելու երեխային ցույց տալ, թե ինչպես է պետք լվանալ ամանները և առաջարկել նրան անել նույնը:
  • Թափել մանրաձավարը, վերցնել ավելն ու միասին մաքրել: Նույն սկզբունքով թափել ջուրը և սրբել։
  • Վերցնել տարբեր կտորներ՝ մետաքս, բամբակ և բուրդ: Քննարկել, թե ինչպիսին են և առաջարկել գտնել նրանց համար զույգեր:
  • Մանր առարկաները՝ կոճակները, ուլունքները նետել ջրով լցված տարրայի մեջ և դուրս հանել գդալով:
  • Վերցնել երեխային ծանոթ ութից տաս առարկայով լցված տոպրակ: Երեխային առաջարկել փակ աչքերով հանել առարկաները և անվանել դրանք:
  • Վերցնել 2 աման և սպունգ: Մի ամանի մեջ լցնել ջուր և սպունգի օգնությամբ տեղափոխել ջուրը մյուս ամանի մեջ:
  • Նստացնել երեխային աթոռին և սեղանին ալյուր թափել, թող նկարի մատիկներով, փայտիկով և վրձինով:
  • Վերցնել հին թերթեր կամ ամսագրեր և երեխայի հետ մասնատել: Ընդ որում, դա պետք է ճիշտ անել, երկու ձեռքերի մատներով բռնել թուղթը և քաշել տարբեր կողմեր: Հետո կարելի է ամբողջը հավաքել և օդ նետել, որից հետո միասին հավաքել:
  • Ծեփամածիկով աշխատելիս կարելի է սկզբում պարզապես տրորել այն ու մարզել ձեռքի մկանները, հետո գլորել և վրան հավաքել տարբեր մանր առարկաներ[5]:

Բոլոր այս խաղերը ոչ միայն օգտակար են և զարգացնող, այլ նաև ճանաչողական: Այս խաղերից շատերը կարելի է արդյունավետ կերպով իրականացնել ոչ միայն նախադպրոցականների, այլև զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների հետ։ Այս ամենը նպաստում է արտաքին գործոնների ընկալմանը, վերլուծական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև Մ. Մոնտեսսորու մեթոդը օգնում է զարգացնել ուշադրությունը, տրամաբանությունը, ստեղծագործական մտածողությունը, հիշողությունը, խոսքը, երևակայությունը, մանր մոտորիկան և այլն:

Այսպիսով, Մարիա Մոնտեսսորու մանկավարժական համակարգը հետաքրքիր է իր փիլիսոփայական հիմնավորմամբ, մանկավարժական հստակ շեշտադրումներով, զգայական դաստիարակության ինքնատիպ մոտեցմամբ, յուրօրինակ դիդակտիկ նյութերի կիրառմամբ: Այն ունի խնդիրների լուծման իր ձևերը, մեթոդները: Մարիա Մոնտեսորու կողմից առաջ քաշված սկզբունքները օգնում են մեծահասակին հասկանալու, թե ինչն է հետաքրքրում երեխային, նրան ապահովում է համապատասխան միջավայր՝ հետաքրքիր գործողությունների համար և հիմնված են ինքնուրույն աշխատանքի, պրակտիկ ուսուցման և համատեղ խաղի վրա, այսինքն Մ․ Մոնտեսսորու մանկավարժության նպատակն է ինքնուրույնության և լիարժեք զարացած անհատի ձևավորումը :

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ  ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ:

  1. Մ․ Մոնտեսսորու  ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում/թարգ․Գ․Հակոբյան/Երևան, 2013/
  2. Помоги мне сделать это самому : Статьи, советы и рекомендации Мария Монтессори /AСТ/2005 г./
  3. Мария Монтессори. Дети - другие. Уникальная методика раннего развития./AСТ/2015 г./
  4. https://mel.fm/vospitaniye/sovety/2310864-montessori_system
  5. https://www.mapa.am/khagher-erekhaneri-hamar/