ԺՈՂՈՎՐԴԱԽՈՍԱԿՑԱԿԱՆ ԵՎ ԲԱՐԲԱՌԱՅԻՆ ԲԱՌԵՐԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

Опубликовано в журнале: Научный журнал «Интернаука» № 20(243)
Рубрика журнала: 18. Филология
DOI статьи: 10.32743/26870142.2022.20.243.341479
Библиографическое описание
Հարությունյան Ս.Ա. ԺՈՂՈՎՐԴԱԽՈՍԱԿՑԱԿԱՆ ԵՎ ԲԱՐԲԱՌԱՅԻՆ ԲԱՌԵՐԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ // Интернаука: электрон. научн. журн. 2022. № 20(243). URL: https://internauka.org/journal/science/internauka/243 (дата обращения: 25.04.2024). DOI:10.32743/26870142.2022.20.243.341479

ԺՈՂԱՎՐԴԱԽՈՍԱԿՑԱԿԱՆ ԵՎ ԲԱՐԲԱՌԱՅԻՆ ԲԱՌԵՐԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

Հարությունյան Սուսաննա Ալեքսանդրի

Հայցորդ, Երևանի պետական համալսարան, Հայաստան

 

 

Սույն հոդվածի նպատակն է ուսումնասիրել ժողովրդախոսակցական և բարբառային բառերը Արամաշոտ Պապայանի պիեսներում։

Բանալի բառեր. բառապաշար, գրական բառաշերտ, ոչ գրական բառաշերտ, բարբառային բառաշերտ, ժողովրդախոսակցական բառաշերտ, առօրյա-խոսակցական ոճ, ընդհանուր գործածական բառեր։

 

Բառերը լեզվի էությունն են, ազգային դեմքը որոշող այն միջոցները, որոնցով մենք անվանում ենք աշխարհի առարկաները, երևույթները, գործողությունները, նրանց հատկանիշները:

Հայոց լեզվի բառապաշարը կազմված է գրական և ոչ գրական բառաշերտերից: Գրական բառաշերտի մեջ են մտնում այն բառերը, որոնք գործ են ածվում գրական լեզվի նորմայի պահանջներով, նրա կիրառության սահմաններում [1, էջ 137]։ Բառապաշարի գրական շերտին հակադրվում են բարբառային և ժողովրդախոսակցական բառաշերտերը [1, էջ 141], որոնք գրական չեն։ Ըստ լեզվաբան Սենեքերիմ Մելքոնյանի՝ բարբառային, գավառական, ժողովրդախոսակցական են այն բոլոր բառերն ու ձևերը, որոնք գրական չեն [2, էջ 107]։

Իր կատակերգություններում Արամաշոտ Պապայանը դիմել է բարբառային և ժողովրդախոսակցական լեզվի բառաշերտերին: Նրա գործածած առօրյա-խոսակցական ոճին հատուկ բառերը, արտահայտությունները, դարձվածքները մեծ թիվ են կազմում: Արամաշոտ  Պապայանի խոսքի բառապաշարի հիմքը կազմում են ընդհանուր գործածական բառերը, սակայն, ըստ անհրաժեշտության, նա օգտագործել է նաև ժողովրդախոսակցական լեզվին հատուկ բառեր, արտահայտություններ: Նրա պիեսներում բարբառային բառերը մեծ թիվ չեն կազմում: Իսկ ինչ վերաբերում է բանավոր-խոսակցական լեզվին բնորոշ բառապաշարին, ապա դրանց գործածությունը պիեսներում բավականաչափ առատ է: Բարբառային և ժողովրդախոսակցական բառերը միանման չեն: Բարբառային բառերը սահմանափակ, տարածքային նեղ գործածություն ունեն: Նման բառերը Արամաշոտ Պապայանի կատակերգություններում համեմատաբար քիչ են. Օրինակ՝ չուր (մինչև), լաո (որդի, զավակ) ազիզ (սիրելի, թանկագին), խաթեր համար (պատվին), չակոլի (չքանդվի): Բերենք  բնագրային օրինակներ. 

Թագուհի. - Դեռ լույսը չբացված կգա, կմղկտա չուր իրիկուն ու իրիկուն դառ ու դատարկ կելնի կերթա (ՀՀՆԾ, էջ 192):

Թագուհի. - Էդ նրանից է, լաո, որ աջ ձեռք չգինա, թե ձախ ձեռք ինչ կենե (ՀՀՆԾ, էջ 193):

Հեղինե. - Չէ՜… Էս երկու ազիզ բալեքս պատերազմում զոհվեցին (Բ, էջ 11):

Մամիկոն. - Գնանք, գնանք, մինչև կյանքիս վերջը պարտական եմ քեզ: Քո խաթեր համար մի հատ էլ երգ ասեմ (ՍԹ, էջ 142):

Թագուհի. - Տղա Մարտինիչ, քո տուն չակոլի, քո կուժ մոռցար (ՀՀՆԾ, էջ 251):

Ժողովրդախոսակցական բնույթի բառերն ու արտահայտություններր բավականաչափ շատ են Արամաշոտ Պապայանի պիեսներում, ուստի շատ դժվար է բոլորի մասին խոսել: Թվարկենք մի քանիսը: Բերենք օրինակներ. էս (այս), էն (այն), էսպես (այսպես), էնպես (այնպես), հա (այո), էդքան (այդքան), էլ (այլևս), էծեր (այծեր), հրես (ահա) և այլն: Իր պիեսներում Արամաշոտ Պապայանը  գործածել է նաև ժողովրդախոսակցական լեզվին հատուկ ձայնարկություններ և այլ սպասարկու բառեր, որոնք խոսքը դարձնում են ավելի արտահայտիչ:

Հա բառը օգտագործվում է մի շարք իմաստներով: Ամենից առաջ այն գործածվում է որպես պատասխանական բառ, որը համարժեք է այո-ին: Սակայն առավել հետաքրքրական են հետևյալ կիրառությունները:

Հա՞ - հարցում ճիշտ լինելու  մասին:

Լուսինյան. - Սամսոնը, Մասիսը…Հասկացա, պահ են մտել, հա՞: Սամսոն՜, հարազատ (ԵՎ, էջ 80):

Հա - հաստատում.

Ցոլակ. - Հա, իհարկե, ճարպն ու յուղը խոհարարի և այլոց փորը, ճենճն ու ջուրը իմ հորը (ԽՊ, էջ 142): 

Սամսոն. - Հա՜, հա՜, հա՜, ինչ միամիտն ես եղել, քուրս, խնդալս կուգա (ԵՎ,117):

Հա – ասվում է մի բան դժվարությամբ հիշելուց հետո:

Տիգրան. - Տիգրա՞ն… Հա, լսել եմ, բայց նրա մասին ասում են, որ… (ՄՀ, էջ 30):

Բազմաթիվ կիրառություններ ունի նաև վայ բառը: Այն արտահայտում է սպառնալիք, զարմանք, սուգ, ողբ, ափսոսանք, հեգնանք, սարսափ, ահ և այլն:

ա. Սպառնալիք.

Հեղինե. - Ահա մի շաբաթ է աղոթում եմ, որ էսօրվա խաղը մերոնք տանեն, թե չէ՝ վայն եկել է այսօր մեր ուրախությանը   (Բ, էջ 12):

բ. Զարմանք.  

Պետրոս. - Վա՜յ… ը՜… Դուք էլ եք այստե՞ղ… (ԽՊ, էջ 179):        

գ. Սուգ, ողբ.

Շուշան. - Վայ, քոռանամ, էս ինչ զուլում եկավ մեր գլխին… (ԽՊ, էջ 179):

դ. Ափսոսանք.

Նունուֆար. - Վա'յ, քոռանամ, մոռացել էի (Մ, էջ 86):

ե. Հեգնանք.

Հայրապետ. - Վայ դու, խրբուկ ծաղիկներն էլ է պրոկատ վերցրել (ԿՀ, էջ 59): զ. - Սարսափ, ահ.

Շուշան. - Ի՞նչ է, արդեն բաժանվե՞լ են: Վա՜յ ինձ, վա՜յ… (ԽՊ, էջ 178):

է. Մտերմական երանգ.      

Սրբուհի. - Վա՛յ, բալիկ ջան, եկա՞ր: Այս երիտասարդը քեզ է սպասում (Բ, էջ 39):  

Արամաշոտ Պապայանը կատակերգություններում օգտագործել է ժողովրդական խոսքին բնորոշ այ, բա, հո, է, ախր, համ…համ և նմանատիպ այլ բառեր, որոնք բավականաչափ շատ են: Այդպիսի բառերն արտահայտում են զարմանք, ուրախություն, վիշտ, դժգոհություն, զայրույթ, ափսոսանք: Բերենք բնագրային օրինակներ.

Վռամ. - Այ աղջի, շա՞ռ ես, քաղաքական աստառ ես կպցնու՞մ (ՍԻՉԱԵԱՔԷ, էջ 289):    

Նուբար. - Բա հյուրանո՞ցը (ԱԱՇԷԵ, էջ 321):

Վարշամ. - Գլուխ հո ունես, տնաշեն, էդքան ուսում, կրթություն, դու հունարդ ցույց տուր (ԱԱՇԷԵ, էջ 376): 

Շմավոն. - Է, Վարշամ ջան, մեջք չունեմ, մեջք (ԱԱՇԷԵ, էջ 376):

Գրապ. - Ախր  ինչու՞… Հարսս հիմա ելույթ պիտի ունենա… (ԽՊ, էջ 128):

Վարշամ. - Համ վարիչ եմ, համ քարտուղար, համ գրագիր (ԱԱՇԷԵ, էջ 376):

Ժողովրդախոսակցական լեզվին բնորոշ են նաև մաղթանքների, ողջույնների, անեծքների, նվաստական և արհամարհական արտահայտությունների օգտագործումը: Բերենք բնագրային օրինակներ.

Կտրիճ. - Աչքիս վրա, քեզ մատաղ (ՀՀՆԾ, էջ 203):

Թագուհի. - Չէ, մռնիմ քզի, ժամանակ չունեմ, պտի գնամ (ՀՀՆԾ, էջ 227):

Արմեն. - Շնորհավորեք, հարսնացուս: Տարոսը ձեզ (ԵՎ, էջ 113):

Արմեն. - Այո, անաղուհաց քրդի շուն…ը… գոռոզի մեկը դուրս եկավ (ԵՎ, էջ 90):

Այսպիսով, իր պիեսներում Արամաշոտ Պապայանը  հմտորեն է օգտվել բարբառային ու ժողովրդախոսակցական բառաշերտերից։ Բարբառային ու ժողովրդախոսակցական բառերի գործածությամբ նա ավելի արտահայտիչ ու կենդանի է դարձնում իր հերոսների խոսքը։

Համառոտագրություններ

ԱԱՇԷԵ - Աշխարհն, այո, շուռ է եկել։

Բ - Բախտավորյաններ:

ԵՎ - Երևանյան վարդեր։

ԽՊ - Խանդից պատուհաս։

ԿՀ - Կենդանի հանգուցյալ:

ՀՀՆծ - Համեցեք Հակոբ Նշանիչի ծննդին։

Մ - Մանրուք։

ՄՀ - Մեծ հարսանիք։

ՍԻՉԱԵԱՔԷ - Սատանան ինչեր չի անի, եթե աստված քնած է։

ՍԹ - Սիրտը թակարդում:

 

Գրականության ցանկ:

  1. Եզեկյան Լ. Հայոց լեզու Երևան, Երևանի համալսարանի րատարակչություն, 2005, 398 էջ։
  2. Մելքոնյան Ս. Ակնարկներ հայոց լեզվի ոճագիտության, Երևան, «Լույս» հրատարակչություն, 1984, 248 էջ։
  3. Պապայան Արամաշոտ, Մեծ հարսանիք, Երևան, «Սովետական գրող» հրատարակչություն, 1987, 631 էջ։