ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՏԱՐՐԵՐԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

Опубликовано в журнале: Научный журнал «Интернаука» № 15(238)
Рубрика журнала: 18. Филология
DOI статьи: 10.32743/26870142.2022.15.238.337689
Библиографическое описание
Հարությունյան Ս.Ա. ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՏԱՐՐԵՐԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ // Интернаука: электрон. научн. журн. 2022. № 15(238). URL: https://internauka.org/journal/science/internauka/238 (дата обращения: 29.03.2024). DOI:10.32743/26870142.2022.15.238.337689

ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՏԱՐՐԵՐԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

Հարությունյան Սուսաննա Ալեքսանդրի

Հայցորդ, Երևանի պետական համալսարան,

Հայաստան, ք. Երևան

 

ELEMENTS OF WESTERN ARMENIAN IN ARAMASHOT PAPAYAN'S PLAYS

Susanna Alexander Harutyunyan

Postgraduate student

Armenia, Yerevan State University

 

Սույն հոդվածի նպատակն է ուսումնասիրել արևմտահայերենի տարրերը Արամաշոտ Պապայանի պիեսներում։

 

ABSTRACT

The purpose of this article is the study the elements of Western Armenian in Aramashot Papayan's plays.

Բանալի բառեր. Արամաշոտ Պապայան, հայոց լեզու, գրական լեզու, արևմտահայերեն, արևելահայերեն։

 

Keywords։ Aramashot Papayan, Armenian language;  literary language; western armenian; eastern armenian.

 

Հայ ժողովրդի ինքնուրույն պետականության բացակայության, նրա մասնատված գոյության պայմաններում նոր գրական լեզուն հանդես է գալիս երկու տարբերակով, որոնք հայտնի են «արևմտահայերեն և արևելահայերեն, արևմտահայ և արևելահայ գրական լեզուներ» անուններով:

Արևմտահայ գրական լեզուն արևմտյան հատվածի և Սփյուռքահայության լեզուն է, իսկ արևելահայ գրական լեզուն՝ արևելյան հատվածի հայության գրական լեզուն է։ Արևմտահայ գրական լեզուն ձևավորվում է Պոլսի բարբառի հիման վրա, իսկ արևելահայ գրական լեզուն՝ Արարատյան բարբառի հիման վրա [2, էջ 23]։

Ե'Վ արևմտահայ, և' արևելահայ գրական լեզուները ենթարկվել են գրաբարի ազդեցությանը: Հատկապես ուժեղ է գրաբարի ազդեցությունը արևմտահայ գրական լեզվի վրա:

Ունենալով բարբառային տարբեր հիմքեր` արևելահայ և արևմտահայ գրական լեզուները միմյանցից ունեն հնչյունական, ուղղագրական, քերականական և բառային զգալի տարբերություններ: Արևմտահայ և արևելահայ գրական լեզուների արտասանական հիմնական տարբերությունն այն է, որ բ, գ, դ, ձ, ջ ձայնեղներն արտասանվում են որպես շնչեղ խուլեր`փ, ք, թ, ց, չ, իսկ պ, տ, կ, ծ, ճ պարզ խուլերն արտասանվում են որպես ձայնեղներ` բ, գ, դ, ձ, ջ:

Ա. Պապայանր լավ է տիրապետել արևմտահայերենի հնչյունական, բառակազմական, քերականական համակարգերին ու բառային ֆոնդին: Իր «Արտասահմանյան փեսացու», «Երևանյան վարդեր» կատակերգություններում նա օգտվել է դրանցից և իր հերոսների խոսքը ոճավորել է արևմտահայերենին հատուկ տարրերով: Թատերագիրը կիրառում է արևմտահայերենին հատուկ ա ձայնավորի կրճատում: Բերենք բնագրային օրինակներ.

Արարատ. - Մի՞թե, չեմ ճանչնար (ԵՎ, էջ 90):

Արմենակ. - Ներեցեք, չհասկցա (ԱՓ, էջ 463)։

Ա. Պապայանի պիեսներում հանդիպել ենք նաև հայցական հոլովում զ նախդիրով ձևավորված դերանունների:

Մասիս. - Շատ: Ան ալ քեզի պես ջահել, վառվռուն: Սիրեցի զինքն (ԵՎ, էջ 109):

Մասիս. - ԵՎ, վերջապես, այդ քաղաքին մեջ էր, որ զիրար սիրեցինք (ԵՎ, էջ 109):

Անձնական և ցուցական դերանուններն զգալի տարբերություններ ունեն. արևմտահայերենի համար բնորոշ է այ-ով ձևերի փոխարեն ա-ով (աս, ատ, ան), տրականի ի-ով վերջացող (քեզի, մեզի, ինձի, ձեզի), դուն, ասիկա, ատիկա, անիկա ձևերի առկայությունը: Բերենք բնագրային օրինակներ.

Սամսոն. - Է, դուն «հայրիկ» ըսիր, գրկեցիր ինձի, ես ալ կարծեցի Սիրանուշն ես (ԵՎ, էջ 123):

Մասիս. - Տարոսը քեզի, Սաթենիկ (ԵՎ, էջ 123):

Սամսոն. - Մեզի կհամոզեին, որ մենք Մադագասկար, Կանադա, Հարավային Ամերիկա երթանք (ԵՎ, էջ 117):

Մասիս. - Թույլ կտա՞ք քույր գտած եղբորը համբուրել ձեզի (ԵՎ, էջ 108):

Մասիս. - Աս ան աղջիկն է, որ Լենինականում ծաղկեփնջով եկել էր մեր քարավանը դիմավորելու (ԵՎ, էջ 121):

Արմեն. - Ինչի պետք է ադ հայրենիքը, որ աղջիկ մը կմերժի տղայիս (ԵՎ, էջ 104)

Մասիս. - Եթե ան ալ իր սիրածը ունենա, մեր սերը իսկույն կխաչաձևվի (ԵՎ, էջ 91):

Ինչպես երևում է բերված բնագրային օրինակներից, դուն, ինձի, քեզի, մեզի, ձեզի, աս, ադ, ան դերանուններն օգտագործվել են դու, ինձ, քեզ, մեզ, ձեզ, այս, այդ, այն ձևերի փոխարեն:

Արևմտահայերենում չկան այստեղ, այդտեղ, այնտեղ դերանունները և դրանց փոխարեն գործածվում են հոս (բացառականում հոսկե), հոդ, հոն (բացառականում հոնկե) դերանունները: Բերենք բնագրային օրինակներ.

Մասիս. - Հոս ի՞նչ գործ ունես (ԵՎ, էջ 95):

Սամսոն. - Հոս է մեր վերջին հանգրվանը (ԵՎ, էջ 117):

Սաթենիկ. - Թուրքիա էինք, հետո փախանք Եգիպտոս: Հոն դրությունը անտանելի էր (ԵՎ, էջ 89):

Արմենակ. - Ինչ ընենք, քանի հոն ենք, մեզի պես կըլլանք, հոս որ եկանք, ձեզի պես կըլլանք (ԱՓ, էջ 463)։

Արմենակ. - Ես ձեզի ավտո ալ կուղարկեմ։ Ասենք ոչ, ինչո՞ւ, հետս վալյուտի բերած եմ, հոսկե կառնեմ (ԱՓ, էջ 463)։

Բերված բնագրային օրինակում հոսկեն հոս դերանվան բացառական հոլովն է և համապատասխանում է այստեղից ձևին։

Մասիս. - Հոնկե դիտեցի Արարատը (ԵՎ, էջ 91):

Հոնկեն հոն դերանվան բացառական հոլովն է և համապատասխանում է այնտեղից ձևին:

Ասիկա, ատիկա, անիկա դերանուններին արևելահայերենում համապատասխանում են սա, դա, նա, դերանունները:

Մասիս. - Ոչ, ասիկա այլևս քարտեզ չէ և ոչ ալ երևակայություն (ԵՎ, էջ 91): 

Սամսոն. - Չէ, ինչ թաքցնեմ, ատիկա ինձ մեծ ցավ պիտի պատճառեր (ԵՎ, էջ 118):

Սամսոն. - Ոչ, անիկա իսկական էր (ԵՎ, էջ 115):

Սահմանական եղանակի ներկան և անցյալի անկատարը կազմվում են կը եղանակիչով (կը գրեմ - կը գրէի, կը գրենք - կը գրէինք, որ միավանկ բայերից առաջ գործածվում է կու ձևով (կուգամ, կուտամ, կուլամ): Բերենք բնագրային օրինակներ.

Սամսոն. - Տար, տար ինձի ձեր ճամփով, ձեռքդ ամուր բռնած կուգամ, քաջ գիտեմ, որ դու ինձի չես խաբեր (ԵՎ, էջ 124):

Արմենակ. - Հոս հոգնեցիք՝ կուգաք հոն, հոն հոգնեցիք՝ կուգաք հոս (ԱՓ, էջ 463)։

Արմենակ. - Մարդ աշխարհ կուգա մեկ անգամ (ԱՓ, էջ 461)։

Ստեփան. - Մենք բոլորս խոսք կուտանք, որ շատ շուտով մենք ալ հպատակություններս կփոխենք, կդառնանք մաքուր սովետական քաղաքացի (ԵՎ, էջ 512):

Մը անորոշ հոդը դրվում է գոյականից հետո և ձայնավորից առաջ դառնում է մ´, մըն: Ի-ն հնչունափոխվում է ը-ի՝ մի>մը: Արևելահայերերենի է-ն դառնում է ա՝ Էլ>ալ:

Մասիս. - Անմեղ բարի խաղ մըն է (ԵՎ, էջ 95):

Արմենակ. - Անգամ կրնաք քիչ մըն ալ բիզնես ընել (ԱՓ, էջ 463)։

Արևելահայերենում անորոշ հոդի փոխարեն հանդես է գալիս մի դերանունը, արևմտահայերենում կա անորոշ հոդ՝ հետադաս մը (ձայնավորի մոտ՝ մ', մըն)՝  մի բան - բան մը: Ու հոլովումը արևմտահայերենում շատ տարածված է արևելահայերենի ի վերջավորության փոխարեն, եզակի թվում՝ որոշ դեպքերում, իսկ հոգնակի եր, ներ վերջավորություններից հետո ընդհանրապես հանդես է գալիս ու-ն՝ արևելահայերենում՝  հայի, հայերի, արևմտահայերենում՝ հայու, հայերու: Բերենք բնագրային օրինակներ.

Մասիս. - Հայու օֆը երգ է դարձել, հայրիկ (ԵՎ, էջ 124):

Արևմտահայերենում արևելահայերենի ա ձայնավորը հնչյունափոխվում է ը-ի՝ ա>ը:

Մասիս. - Ը՜… ինչպես ըսեմ... (ԵՎ, էջ 95):

Մասիս. - Ես եկել եմ Սիրանուշին ըսեմ՝ մեկ ուրիշը կսիրեմ (ԵՎ, էջ 96):

Արևելահայերենի ներգոյական հոլովի ում վերջավորությունը արևմտահայերենում չկա։ Ներգոյական հոլովի իմաստն արևմտահայերենում արտահայտվում է մեջ կապով՝ քաղաքում - քաղաքին մեջ: Բերենք մի բնագրային օրինակ.

Մասիս. - ԵՎ, վերջապես, այդ քաղաքին մեջ էր, որ զիրար սիրեցինք (ԵՎ, էջ 109):

Այսպիսով, Արամաշոտ Պապայանը լավ տիրապետելով արևմտահայերենի հնչյունական, բառակազմական, քերականական համակարգերին ու բառային ֆոնդին՝ իր հերոսների խոսքը կարողացել է ոճավորել արևմտահայերենի տարրերով։

 

Համառոտագրություններ

ԱՓ - Արտասահմանյան փեսացու

ԵՎ - Երևանյան վարդեր

 

Գրականության ցանկ

  1. Յու. Ս. Ավետիսյան, Արևելահայերենի և արևմտահայերենի զուգադրական քննություն, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2007 թ., 288 էջ։
  2. Եզեկյան Լ.Կ․, Հայոց լեզու, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 2005, 398 էջ։
  3. Պապայան Արամաշոտ, Մեծ հարսանիք, Երևան, «Սովետական գրող» հրատարակչություն, 1987, 631 էջ։