ԲԱՌԱՅԻՆ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԵՐԵՆԻ ԱՆՇԱՂԿԱՊ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Рубрика конференции: Секция 17. Филологические науки
DOI статьи: 10.32743/25878603.2023.10.142.357587
Библиографическое описание
Քեռյան Ս.Ս. ԲԱՌԱՅԻՆ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԵՐԵՆԻ ԱՆՇԱՂԿԱՊ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ / Ս.Ս. Քեռյան // Инновационные подходы в современной науке: сб. ст. по материалам CXLII Международной научно-практической конференции «Инновационные подходы в современной науке». – № 10(142). – М., Изд. «Интернаука», 2023. DOI:10.32743/25878603.2023.10.142.357587

ԲԱՌԱՅԻՆ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԵՐԵՆԻ ԱՆՇԱՂԿԱՊ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Քեռյան Սուսաննա Սաշայի

հայցորդ, Երևանի պետական համալսարան,

Հայաստան, Երևան

 

LEXICAL REPETITIONS IN THE ASYNDETIC COMPOSITE SENTENCES

Susanna Keryan

Postgraduate student, Yerevan State University,

Armenia,Yerevan

 

ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

Սույն հոդվածում քննվում են բառային կրկնությունների տեսակները հայերենի անշաղկապ բարդ նախադասություններում։ Կրկնությունը լեզվի արտահայտչականության լավագույն միջոցներից մեկն է։ Բանաստեղծության մեջ նրա շնորհիվ խոսքը դառնում է արտահայտիչ և հուզիչ։ Անշաղկապ բարդ նախադասություններում այն նպաստում է մտքերի և նախադասությունների կապակցմանը, քանի որ տվյալ բառի կրկնությամբ ուժեղանում է խոսքի արտահայտչականությունը։

Abstract

In this article  are observed the types of repetitions in the asyndetic composite sentences. Repetition is one of the best means of expression of the speech. To owing to repetitions the sentences are connected in asyndetic compound sentences. The expression of the speech strengthens in asyndetic compound sentences with the repetition of the word․ The mentioned means of significance promote the conjunction of sentences. Words repetitions provides semantic and structural integrity in the asyndetic composite sentences.

 

Բանալի բառեր: բառային կրկնություն, հարակրկնություն, վերջույթ, կցուրդ, զուգապատկություն, արտահայտչականություն, հուզականություն։

Keywords: lexical repetition, anaphora, epiphora, anadiplosis, expressiveness, emotiveness.

 

Կրկնությունը խոսքին ընձեռում է հուզաարտահայտչական մեծ հնարավորություններ, որոնց շնորհիվ խոսքը ձեռք է բերում բազմաթիվ իմաստային նրբերանգներ։ Այն նպաստում է բառի արտահայտած իմաստի և պատկերավորության ուժեղացմանը, բառերն ու արտահայտություններն ընդգծվում են, դրսևորվում է ուժեղ  հուզականություն, որի շնորհիվ մեծանում է խոսքի արտահայտչական ուժը և ստեղծվում է համապատասխան տրամադրություն։

«Կրկնությունը այն բանադարձումն է, որի դեպքում միևնույն բառը, բառակապակցությունը կամ նախադասությունը ասվում է երկու կամ ավել անգամ՝ խոսքն ավելի արտահայտիչ դարձնելու, նրա հուզականությունն ուժեղացնելու նպատակով» [5, էջ 36]։ Կրկնությունը լեզվի արտահայտչական միջոց է, քանի որ բառերի կամ բառակապակցությունների կրկնության շնորհիվ խոսքը դառնում է արտահայտիչ և հուզիչ։ Նրա միջոցով բառերն ու արտահայտություններն ընդգծվում են ու ուժեղանում, և խոսքերը ստանում են  տարբեր իմաստային նրբերանգներ։

Անշաղկապ բարդ նախադասություններում կրկնությունը կիրառվում է ինչպես չափածո, այնպես էլ արձակ երկերում։ Այն կարող է լինել տողասկզբում, տողամիջում և տողավերջում։ Արձակում կրկնության շնորհիվ ուժեղանում է խոսքի արտահայտչականությունը,  իսկ չափածոյում նպաստում է բանաստեղծական ռիթմի և երաժշտականության ուժեղացմանը։

Անշաղկապ բարդ նախադասություններում բառային կրկնությունների կիրառությունը շատ կարևոր է, քանի որ դրանց շնորհիվ խոսքը դառնում է հուզիչ, տպավորվող և հիշվող։

Անշաղկապ բարդ նախադասություններում մենք հանդիպել ենք կրկնության հետևյալ տեսակներին՝ հարակրկնությանը (նույնասկզբին), վերջույթին (նույնավերջին), հանգույցին, կցուրդին, զուգապատկությանը և խաչաձևմանը։

Ամենից առաջ մենք կներկայացնենք կրկնության տեսակներից հարակրկնությունը (նույնասկիզբը) և վերջույթը (նույնավերջը), որոնց հանդիպում ենք անշաղկապ բարդ նախադասություններում։ Հարակրկնության դեպքերին մենք ավելի հաճախակի ենք հանդիպում, քան վերջույթին։ Կրկնության այս երկու տեսակներն էլ օգտագործվում են հուզական արտահայտչականություն հաղորդելու նպատակով։

Հարակրկնությունը առավելապես բնորոշ է չափածո խոսքին, քան արձակին։ Այն «բառերի կամ բառակապակցությունների տողասկզբի կրկնությունն է» [2, էջ 95]։ Չափածո խոսքում այն արտահայտվում է տողասկզբի բառի կրկնությամբ, իսկ արձակում՝ նախադասությունների սկզբում։ Հայ լեզվաբան Վարագ Առաքելյանը նշում է, որ «սա կրկնության մի այնպիսի տեսակ է, երբ որևէ միավոր՝ նախադասություն, տող, տուն, պարբերություն և այլն, սկսվում է միևնույն բառով, բառակապակցությամբ և այլն» [1, էջ 128]։ Հարակրկնության ցայտուն օրինակ է Վահան Տերյանի հետևյալ քառատողը․

Սիրտըս ջահել է նորից,

Սիրտըս դողում է քո դեմ,

Սիրտըս գերված է արդեն,

Սիրտըս ջահել է նորից (7, 243)։

Վերոհիշյալ բնագրային օրինակը անշաղկապ բարդ նախադասություն է, որը բաղկացած է չորս բաղադրիչ նախադասություններից։ Հեղինակը բանաստեղծության բոլոր տները սկսում է միևնույն բառով՝ կրկնելով բոլոր չորս բաղադրիչ նախադասությունների սկզբում «սիրտըս» ենթական, որը կրում է տրամաբանական շեշտ, և ուշադրությունը կենտրոնացնում է նախադասության գլխավոր մտքի վրա։

Արձակում նույնպես հանդիպել ենք այդ արտահայտչամիջոցին։ Եթե հարակրկնությունը կիրառվում է արձակ խոսքում, ապա կրկնությունը կատարվում է նախադասությունների սկզբում։ Բերենք բնագրային մի օրինակ.

Անցան օրեր, անցան շաբաթներ, անցան ամիսներ (8, 247)

Ինչպես երևում է, վերոհիշյալ օրինակը անշաղկապ բարդ նախադասություն է։ Այն բաղկացած է երեք բաղադրիչ նախադասություններից, որտեղ ստորոգյալը կրկնվել է յուրաքանչյուր բաղադրիչ նախադասության սկզբում։

Վերջույթը նույնպես խոսքի արտահայտչամիջոց է։ Այն հակադրվում է նույնասկզբին։ Ի տարբերություն նույնասկզբի՝ վերջույթը դրվում է անշաղկապ բարդ նախադասությունների վերջում։ Վերջույթը, ի տարբերություն նույնասկզբի, սահմանափակում է շարահյուսական կառույցը։ Այն բառի կրկնությունն է նախադասությունների կամ տողերի վերջում։ «Նույնավերջը կամ վերջույթը, գրում է հայ լեզվաբան Լևոն Եզեկյանը, -  գեղարվեստական ոճում, առավել ևս չափածոյում, բառերի կամ կրկնությունների տողավերջի կրկնությունն է» [2, էջ 96]։ Բերենք բնագրային մի օրինակ․

Մեր հույսի դուռն է մայրս,

Մեր տան մատուռն է մայրս,

Մեր օրորոցն է մայրս,

Մեր տան ամրոցն է մայրս... (4, 35)

Ինչպես ցույց է տալիս վերոհիշյալ օրինակը, բանաստեղծության յուրաքանչյուր տողը ավարտվում է միևնույն բառի կրկնությամբ, որով բանաստեղծը իր խոսքին տալիս է հնչողություն և ներգործուն ուժ։

«Հանգույցը շարահյուսական այնպիսի կառույց է, որի դեպքում կրկնվում են բանաստեղծության տան և՛ առաջին, և՛ վերջին տողերը, այսինքն՝ նույնասկիզբը և նույնավերջը հանդես են գալիս միասին» [2, էջ 99]։  Բերենք բնագրային մի օրինակ․

Դարդս տվի քարերին՝քարերը չառան,

Դարդս տվի սարերին՝ սարերը չառան․․․(4, էջ 70)։

Ինչպես երևում է, բերված օրինակը անշաղկապ բարդ նախադասություն է, որը բաղկացած է երկու բաղադրիչ նախադասություններից։ Առաջին և երկրորդ բաղադրիչ նախադասությունները սկսվում են «դարդս տվի» բառակապակցությամբ և ավարտվում են «չառան» բայական ստորոգյալով։   

Այսպիսով, հանգույցը բառի կրկնությունն է միաժամանակ նախադասությունների սկզբում և վերջում։

«Կցուրդը շարահյուսական այնպիսի բանադարձում է, երբ նախադասության որևէ միավոր (բառ կամ բառակապակցություն) ավարտվում է մեկ բառով կամ բառակապակցությամբ, որը դառնում է հաջորդ տողի սկիզբ» [2, էջ 98]։

Կցուրդի շնորհիվ նույնպես խոսքը դառնում է հուզիչ ու արտահայտիչ։ Բերենք բնագրային մի օրինակ.

Մեր ավտոն արագ,

Արագ թռչում է (7, 336)։

Այսպիսով, կցուրդը բանաստեղծության տողի վերջին բառի կամ բառերի կրկնությունն է նախորդի սկզբում։

Զուգապատկությունը նույնպես նախորդ նախադասության վերջին բառի կամ բառերի կրկնությունն է հաջորդի սկզբում։ Այն, ի տարբերություն, կցուրդի, կիրառվում է արձակ խոսքում։ Բերենք բնագրային մի օրինակ.

Ամեն ինչ ոչինչ է, ոչինչը՝ ամեն ինչ (3, 4, 320)։

Այսպիսով, կարելի եզրակացնել, որ կցուրդը բնորոշ է չափածոյին, իսկ զուգապատկությունը՝ արձակին։

«Խաչաձևումը շարահյուսական այնպիսի բանադարձում է, երբ միևնույն նախադասության մեջ խոսքի տարբեր հատվածներ կամ առանձին բառեր իրար հետ կապակցվում են փոխատեղման եղանակով» [2, էջ 107]։

Այսպիսով, խաչաձևումը շարահյուսական կառուցվածքի շրջումն է։ Բերենք բնագրային օրինակ.

Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,

Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց (6, էջ 23)։

Այսպիսով, բառային կրկնությունների դերը շատ կարևոր է անշաղկապ բարդ նախադասություններում, քանի որ դրանց միջոցով կապակցվում են բաղադրիչ նախադասությունները։ Բառային կրկնությունների շնորհիվ անշաղկապ բարդ նախադասությունները ստանում են իմաստային տարբեր նրբերանգներ, որոնք ուժեղացնում են բառի արտահայտած իմաստը, բառերն ու արտահայտությունները շեշտվում են, և խոսքը դառնում է ավելի հուզիչ ու արտահայտիչ։

 

Գրականության ցանկ:

  1. Առաքելյան Վ.Դ․, Կրկնության արվեստի մի քանի առանձնահատկությունների մասին, «Սովետական գրականություն» ամսագիր, Երևան, 1969, նո․ 1։ 
  2. Եզեկյան Լ.Կ․, Ոճագիտության ուղեցույց, Երևան, Տաթև գիտակրթական համալիր, 2007, 120 էջ։
  3. Զարյան Ն., Երկերի ժողովածու 4 հատորով, հ.4, Երևան, «Սովետական գրող», 1985, 728 էջ։
  4. Շիրազ Հովհաննես, Հուշարձան մայրիկիս, Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 1972, 232 էջ։
  5. Ջահուկյան Գ․ Բ․, Խլղաթյան Ֆ․ Հ․, Հայոց լեզու, դասագիրք հանրակրթական դպրոցի 9 -10 -րդ դասարանների համար, Երևան, «Լույս» պետական հրատարակչություն, 1994, 290 էջ։
  6. Սահյան Համո, Սեզամ բացվիր, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1972, 278 էջ։
  7. Տերյան Վ․, Երկեր, Երևան, Հայպետհրատ, 1956, 742 էջ։
  8. Րաֆֆի, Սամվել, Երևան, Հայպետհրատ, 1957, 618 էջ։